Թռնելուց առաջ զրկվում են ոտքերից

Posted on

Դրախտում ինքը մեկն էր տասից։ դրախտում սովետն էր. անփոխարինելիներ չկային։
Բայց դե ինքը գիտեր` իր դրախտը ստեղծելու է ինքը։

Երկրի վրա մեռելներ են ու մեռելներին սիրողներ։ Պոստսովետականները ստեղծել են մի բան, անունը դրել երկիր, ու ասում են` ես քեզ սիրում եմ Հայաստան։ Հայաստանը գիտի, որ ինքը սովետի կմախքն ա, նա գիտի, որ էդ ոչ թե իրան , այլ հնին են սիրում, նա գիտի, որ ինքը ուրիշի մեռած մարմնի կրողն ա, ու պոստսովետական մարդիկ սիրում են էդ մարմինը, իրան չեն էլ ճանաչում…

իմ հագով դիակներ չկան, ինձ չսիրեք հանկարծ, ես կհավատամ, թե դա իմ սերն ա ու ինքս էլ կդառնամ դիակ։ ես երկրից չեմ, ես ձեր հողին ոտքս չեմ դնում։

Ես կաղ եմ։ թոփալ էլի։ դժվար ա հասնել ջրի բաժակին, լուսամուտին ու գետնին կպնել չի լինում, սա իմ գետինը չի, սա ուրիշինն ա, ես զզվում եմ էդ գետնից, դրա համար ինձ զրկեցին ոտքիցս, որ ուրիշի գերեզմանոցի վրա ոտք չդնեմ, ուրիշի մեռելների համար խունկ չդառնամ։

Սովետի ու դրախտի փլատակներից դուրս եկած ձեր մարքսիստական ու հրեշտակային ոչ մի գաղափար ինձ չի զարմացնում։ եվրոպական ճշտապահությունից եվրոպական մրգերի համն ա գալիս` անհամ։
բայց դժոխքում էլ շնչել չի լինում, Սուրենյանն անջատեց կոնդիցիոները, գնաց։

Դժոխքում ես մենակ եմ, մեռելներին վառել եմ վաղուց, ամեն ինչ կանխատեսելի ա, տեսանելի, ամեն ինչ խտացված ա մի գույնի մեջ ու էստեղ իշխում ա իմ եսը, բայց անունս չկա, ես այն թողել եմ դրախտում։
Երկրի վրա ինձ անունով չէին դիմում, երկրի վրա ինձ չէին ճանաչում, ինձ նայում, փնտրում էին իրանց մեռելներին։

Ինձ թևեր են պետք` հրեշտակի չէ, լիվինգսթոնի փոքր թևերից, դա հերիք ա ապագա գնալու, էս երկիրն էլ, դժոխքն էլ, դրախտն էլ ռադ անելու համար, դրանք բոլորը նույնն են, դրանք հաշվելու ու իշխելու, իրար թաղելու, հետո ուրիշների մեջ փնտրելու համար են։
ես ապրել եմ արդեն էդ ամենը, շատ եմ ապրել, կտրեք իմ մյուս ոտքն էլ, ինձ նոր գետին տվեք, որտեղ հող չկա, հողից մեռելի հոտ ա գալիս։