Հայու գենի ու սիրահարվածների մասին, որ ուզում են ձեզ փոխել

Posted on

Ժաննան մի առիթով ասեց. <<Գրքերը, ֆիլմերն ու մարդիկ են մեզ գտնում այն ժամանակ, երբ մենք ունենք իրենց տված  պատասխանների կարիքը>>:

Նյուտոնի ձգողության օրենքն է, էս դեպքում մոլորակները մենք ենք /փոքրիկ Իշխանի ու Հ1-ի Տիգրանի պես/: Նյուտոնի օրենքները, բայց, աշխատում են ամեն պարագայում:

Ֆեյսբուքյան վերջին ակտուալ թեման՝ հայու գենը, որի հանդեպ բոլորս անտարբեր ենք, բայց ունենք հստակ դիրքորոշում, իմ կամ իմ փրոֆայլի շուրջը պտտվում էր այն ժամանակ, երբ գեների, կամ ԴՆԹ-ի, վերջին հաշվով՝ ինքնության ու դրա պահպանման  մասին մտածելու առիթները աջուձախից վրաս էին թափվում: Սակայն գլոբալ ինքնության խնդիրները լուծելու համար խելքս կամ հավեսս չեն կտրում, կամ գուցե կկտրեն, երբ լոկալ՝ սեփական ինքնության պահպանության մասին արդեն մտածած, որոշած կլինեմ:

Ստացվում է այնպես, որ  հասարակության մեջ ադապտացվելու, մենակ չմնալու, ինքնաճանաչողության կամ այլ պահանջներ բավարարելու համար ամեն քայլափոխին մենք ստիպված ենք լինում

  • ԿԱՄ  հարմարվելու խորթությանը /խորթ ու սիրելի մարդկանց՝ քեզ փոխփխելուն, իրենց ուզածով դարձնելուն/,
  • ԿԱ՛Մ հրաժարվելու, կտրել-գցելու, պահպանելու ինքնությունը, եսը. գենը, ԴՆԹ-ն:

Բայց Սերժը Սարգսյան ասում է, թե մենք՝ հայերս, <<կամ-կամ>>-ի սկզբունքով չէ, որ առաջնորդվում ենք, այլ՝ <<և-և>>-ի…. և՞: Դուք կարո՞ղ եք միաժամանակ լինել և՛ <<էրեխոտ>>, և՛ <<սեքսի>>, և՛ ինքնասիրահարված, և՛ ինքնազոհ: Ես չեմ կարող, և արի ու տես, որ եթե դու Սերժի ասածների հետ էնքան էլ համակարծիք չես, ստիպված ես լինում հաճախ կանգնել <<կամ-կամ>>-ի առաջ՝ կա՛մ դիմացինին, կամ ինքդ քեզ կորցնելու ընտրության առաջ:

Եվ եթե ամենահեշտ տարբերակով փորձենք պատկերացնել, թե ինչ պատասխան է տալիս այս հարցին հասարակությունը, կտեսնենք, որ եթե 4-րդ կուրսում ամուսնացողների թիվը շեշտակիորեն բարձրանում է, ապա   <<հայու գենն>> ընտրում է առաջին՝ դիմացինին ունենալու և երբեմնք էլ սեփականը կորցնելու տարբերակը:

Իսկ էն փոքրամասնությունը, որ կարողանում է ժխտել խորթությունն ու հրաժարվել <<սիրահարվածներից>>, որոնք փորձում են իրենց ՓՈԽԵԼ, ամեն ցավոտ բաժանումով թրծում են սեփական գենն ու հարստանում կորածներից վերցրածով:

Ու եթե այսօր առաջ է քաշված գեների ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ հարցը, ապա էդ գենը պետք չէ փնտրել նրանց մեջ, ովքեր ընտրում են <<և-և>>-ն ու փաստորեն կուլ գնում <<սիրահարվածների>> քմահաճույքներին: Գուցե դու էլ մի օր կկանգնես էս թեմաներով մտածելու խնդրի առաջ, ու մի օր  քո կյանքում իր նախաձեռնությամբ հայտնված Քերրի Բրեդշոուն երկրորդ սեզոնի վերջին սերիայի 31-րդ րոպեում կտա բոլոր հարցերի պատասխանները:

-Երևի որոշները ստեղծված են նրա համար, որ իրենց ընտելացնեն, գուցե, նրանց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ է պետք, մինչև նրանք  կգտնեն մեկին՝ իրենց պես վայրի մեին, որպեսզի ՄԻԱՍԻՆ լինեն… ԱԶԱՏ: