Մինչև կդառնաս լրագրող. #ԺՈՒՌՖԱԿ

Posted on

«Երևանի պետական համալսարանը Հայաստանի մայր բուհն է, և դուք մեծագույն պատիվ ունեք՝ զբաղեցնելու այս տաճարի նստարանները»,- հենց այս խոսքերով սեպտեմբերի մեկին դիմավորեց ինձ ԵՊՀ-ի ղեկավարությունը, որն ամեն տարի մտածում է, թե ինչով կարելի է շահագրգռել դիմորդներին հենց ԵՊՀ դիմելու համար: Հասկանում եք, կապիտալիստական ժամանակներում կրթությունը նախևառաջ բիզնես է, բայց առաջին կուսրում ես այդ մասին իմանալու միտք չունեի, խելոք էի, համեստ, պոստսովետական:

Ժամանակի ընթացքում տիրապետում ես սովորելու արվեստին. պետք է գիտենալ՝ ումից սովորել, ումից ինչ սովորել, և՝ որքան. սա ոչ թե ալարկոտների, այլ հնարամիտների կարգախոսն է. ժուռֆակում դասավանդում են լրագրողները, իսկ վերջիններիս, գիտեք, մինչև վերջ վստահել չի կարելի: Մենք իրար մշտապես կասկածում ենք, ու հավատացեք, այդպես ավելի հետաքրքիր է, երկրորդ կուրսում փիլիսոփայության դասախոսն է ասել. կասկածը ճշմարտության հասնելու ճանապարհներից է: Դասախոսներից ցիտատներ չորս տարում կարելի է ամբարել ու կիրառել մի ամբողջ կյանք, դրանք հաստատ կօգնեն ավելի ինքնավսահ ու հետաքրքիր լինել, հատկապես նրանց համար, ովքեր չեն վախենում ձանձրալի լինելուց /Սոնա Թորոսյանն է ասում/, բայց թեման դասախոսները չեն:

Ժուռֆակում կան դեմքեր, որ դասախոս չեն, բայց իրենցից ու իրենց օրինակով էլ շատ բան կսովորես. Անահիտից՝սառկազմ, Անուշիկից՝ ռոմանտիկա, Ստելլայից՝ ստատուս գրել: Ուսանոները ժուռֆակում միանման չեն: Ես սովորում եմ անհատականությունների ֆակուլտետում: Մեզ մոտ կրծողներ չկան. այստեղ սովորում են թատերական ընդունվելու դուխ չունեցողները կամ էլ նրանք, ովքեր բանասիրական կընդունվեին, եթե չալարեին շատ կարդալ:

Մենք բոլորս փոձում ենք տարբերվել ու հենց դա է մեր ընդհանրությունը: Ուզում ենք լինել հայտնի ու ճանաճված, գուցե խանգարում ենք միմյանց, բայց իրար հետ գոյատևում ենք. աստղերին ամենալավը հասկանում են հենց իրենց համաստեղություններում, մահկանացուների համար մենք մի քիչ ուրիշ ենք:

Համալսարանը հնարավորություն տվեց նաև՝ ծանոթանալու մեր երկրի համակարգային աշխատելաոճին՝ հսկայական կառույցներ, որոնք մեծ հաշվով հենված են մի քանի հարուստ գլուխների վրա: Ակադեմիական անկյուն ամեն առավոտ խցանումներով հասնելու ամբողջ մոտիվացիան մի քանի դասախոսներ են: Միտումնավոր, թե պարզապես ստացվեց այնպես, որ ես ամեն կիսամյակ ունեցա մեկ, առավելագույնը՝ երկու սիրելի դասախոս, ով ինձ հասցրեց համալսարան ու զգացնել տվեց գիշերը չքնել-պարապելու հաճույքը: Եղավ նաև այնպես, որ ֆոտոլրագրության դասախոսը խոստովանեց, որ ինքն այդ դաշտում փորձ չունի. «հայրիկս հայտնի ֆոտոնկարիչ է եղել, դրա համար եմ ձեզ դաս տալիս»:  Աթանեսյանը կասեր, որ դասախոսությունը պետք է սեքսուալ լինի, և թող որ դա անտրամաբանական է հնչում, բայց սեքսուալության պակաս ունեցող դասաժամերը շատ են:

Բայց համալսարանը միայն սովորելու տեղ չէ: Նորաձևությունը մեզ մոտ սեզոններով չէ, գարուն-ամառին փոխարինում են հոկտեմբեր-նոյեմբերն ու մարտ-ապրիլ տրենդները: Կարելի է հասկանալ. դուք այլևս երբեք չեք ունենա ամուսին գտնելու ավելի մեծ հնարավորություն, քան այս չորս տարիներին, ուստի պետք է վիզ դնել: Այս առումով ամենաակտիվ շրջանը չորրորդ կուրսն է. համեստ աղջիկների վերջին՝ համարձակ փորձերն ու համարձակ աղջիկների աչքաբացությունը հատկապես գարնանային եղանակին հաճախ են վեճերի առիթ դառնում:

Աչքաբացության մասին. համալսարանում առաջին անգամ կհանդիպեք իսկական համասեռամոլների ու ավելին՝ կընկերանաք նրանց հետ, կհասկանաք, որ կյանքում զարմանալու բաները քիչ չեն, կյանքն էլ քիչ է անընդհատ զարմանալու համար, հատկապես, որ այդ կյանքի ամենաքաղցր տարիներն ընդամենը չորսն են: Դրանք ամփոփելու ամենալավ հնարավորությունը դիպլոմայինն է. մեզ համար առեղծվածային ու անծանոթ, դժվար ու անհասկանալի, բայց և հաճելի մի գործ, որը հույս է տալիս ու համոզում, թե մենք դեռ ուսանող ենք: