Մահվան տեսիլ… /հեղափոխական/

Posted on

Անհաղթահարելի պաթոսի ու հանրահավաք գնալու մասին

Ժամը 6ին Նեմրայի համերգը պիտի լիներ, միակ մոտիվացիան վախերս հաղթահարելու ու միծինգի գնալու համար… Փողոցները փակ էին. Մոնումենտից  քայլում էի դեպի հրապարակ, մենակ էի, ընկերներ կային հրապարակում, բայց նրանցից շատերին ուղղակի զանգել չէի ուզում /վերջին դեպքերը կորցնել էին տվել իմ սիրած մարդկանց մասին ունեցածս պատկերացումները, դրա մասին՝ հետո/…

Հասա Օպերա, մեկ էլ ձախից՝ <<հորս արև, հըլը նայի ով ա էկել>>…

Նման պահերին ծամոն ծամելն օգնում ա. կա մեկը, ում կարող ես հանգիստ ճզմել ու պատասխանատվություն չկրել դրա համար: Հյուսիսայինում իրանք շատ էին՝ ոսկե երիտասարդությունը՝ <<արա էսի էն լրագրողը չի՞>>,  <<իյաաա, բա էս ու՞ր էիր, չկայիր>>, <<որ խնդրեմ մեզ մի հատ կնկարես էն քո ձևերով>>. Սիթիի օղիներից էր խմել երևի, շատ տհաճ հոտ էր գալիս…

Հեղափոխությունից հետո էր, մենք արդեն <<հեղափոխված>> էինք ու <<վերածնված>>…

Երբ հրապարակում էի, արդեն մութ էր, իմ դիմաց կանգնած էր մի մարդ՝ հագին մեծ պիջակ, որը երևի հագել էր նաև էն օրերին, երբ գոռում էր՝ Լևոն, հեռացիր… Չեմ կարող նկարագրել էդ մարդու ոգևորությունը, երբ տեսավ, որ դագաղ են բերել հրապարակ… մի քանի ատամ ուներ, որ մինչ էդ լավ թաքցրել էր, բայց էնքան անկեղծ ժպտաց, որ բոլոր անտամները երևացին: Հայացքով մարդ էր փնտրում, որ միասին ուրախանան, մտերմանան.. /հեղափոխությունը մտերմացնում է/:

Չկար ավելի պատկերավոր պահ, հասկանալու համար, թե ինչ էր զգացել Չարենցը գրելիս.

…Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,

Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,

Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ —

Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա..

Հա՛, նորություն չի՝ մարդիկ իսկական դագաղ էին բերել հրապարակ ու հավանաբար սպասում էին, թե երբ են էնտեղ պառկելու իշանավորները.. մարդիկ մահ էին տենչում, ուզում էին դիակ տեսնել, հագենալ: Դրանից հետո ոչ մի վերլուծություն ու բացատրություն գտնել հնարավոր չի, դրանից հետո դու փշրվում ես, բանականությունդ քեզ փախուստի կոչեր ա անում, ինքդ քեզ գրկել-փրկելու կոչեր… Չարենցն ավելի ծանր ա ապրել էդ փշրումը…

 

 

…Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,

Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։

Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի

Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․․

Հայտնի լինելու ու ձեր հազարավոր նամակների մասին

Հեղափոխականները կասեն, որ շատ ծանր եմ տանում,իրականությունն ավելի պայծառ ա, մենք ուժեղ ենք, հեղափոխություն ենք արել… շնորհավո՜ր:

Բայց իմ կյանքում հեղափոխությունը դեռևս գիտակցումն ա, որ մարդիկ սոված են, իրանց հնարավորություն ա ընձեռվել իմ դեմքը ցույց տվող հերթական նկարներիս տակ իրենց մեջ կուտակված մաղձը թափելու, մարդիկ չեն հանդուրժում, որ ինչ-որ երգիչներ, դերասաններ  և ուղղակի քաղաքացիներ կարող են անտարբեր լինել, ուղղակի չկիսել իրենց կարծիքը, պարզապես վախենալ ձայնային նռնակներից. հա, դա վախենալու ա:

Կներե՛ք, բայց ինձ համար անհասկանալի է հայտարարությունը, թե՝ դուք իմ շնորհիվ եք հայտնի դարձել, համակարծի՛ք եղեք ինձ հետ: Այսինքն, կներեք, դու՞ք եք վճարել իմ ուսման վարձը, դու՞ք եք իմ փոխարեն կամավոր սկզբունքներով աշխատել, որ աշխատանքային փորձ հավաքեք, դու՞ք եք ինձ համար տեսախցիկ  գնել, որ ստացված կամ չստացված ռեպորտաժներ նկարեմ, հոգեբանական աջակցությու՞ն եք ցույց տվել հերթական ձախողված ռեպորտաժից կամ աշխատանքից հետո, թե՞ անվճար լրագրողական դասընթացներ եք արել ինձ համար, որ ես կարողանամ լավ աշխատել, հետաքրքիր լինել ու հայտնի դառնալ: Չէ՛, դուք պարզապես դիտել եք հեռուստացույց ու զվարճացել եք, դուք պարզապես լսել եք որևէ երգչի երգ ու տժժացել եք դրա տակ, և դա, հավատացե՛ք, շատ քիչ է էդ մարդկանցից ինչ-որ բան պահանջելու համար: Եվ քավ լիցի, եթե դուք չեք հավանում այդ երգչին, ձեզ ոչ ոք երբևէ չի ստիպել երկրպագել ու <<հայտնի դարձնել նրան>>: Եվ ուրեմն, բարի՛ եղեք պահանջներ ներկայացնել ձեր աշխատողներին, ձեր գործատուին, ձեզ վատ դասավանդող ուսուցչին ու վերջպաես ինքներդ ձեզ:

Էյֆորիայի սահմանը, որ բաժանեց ինձ իմ սիրած մարդկանցից

Ես չգիտեմ, իրո՛ք պատկերացում չունեմ, թե երկրի համար ինչպիսի քաղաքականությունը կամ որ քաղաքական գործիչը ավելի դրական ազդեցություն կունենան: Ես ունեմ իմ նախընտրությունները, սիրողական կարծիքը, որոնց մասին չեմ գրում այսօր:

Բայց մի բան գիտեմ հաստատ. ոչ միեկի համար ատելությունն ու ագրեսիան, զզվանքն ու անֆրենդը որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ: Էս <<լուսավոր օրերի ընթացքում>>  անֆոլլոու արեցի իմ շատ հարազատ մարդկանց, որոնք ուղղակի կուլ գնացին էդ պահի էմոցիոնալ պոռթկումներին ու սկսեցին անփառունակ եզրույթներով աջուձախ վիրավորանքներ ու զզվանք տարածել նրանց հանդեպ, ովքեր էդ պահին պարզապես իրենց հետ չէին:

Իրենք սկսեցին զզվելի քմծիծաղով լցնել առանց էդ էլ լիքը լցված ֆեյսբուքը, թե բա՝ կերաաա՞ք, հըըը՞, ստեղ ո՞վ էր հանրապետական, հը՞, լռու՞մ էիք հա, վախկոտ շողոքորթներ, դե գնացեք մեռեք, հաղթել ենք…

Գուցե այդ հաղթանակը պսակվի հաջոցությամբ, գուցե դուք միշտ այնքան երջանիկ լինեք, որքան հիմա, գուցե վաղն առավոտ արթնանաք ու զգաք եվրոպական արժեքների բույրը, տրանսպորտը կլինի առանց ծխախոտի ծխի, բոլոր ուսանողները կսկսեն գնահատական ստանալ իրենց իմացածին համարժեք, մարդիկ իրենց պարապությունը չեն բարդի երկրի՝ երկիր չլինելու վրա, իրենց փոքրամասնություն համարող մարդկանց չի թվա, որ իրենց բոլորն ատում են, ու իրենք իրենց նախաձեռնությամբ ատելության կոչեր չեն անի ուղղված <<մեծամասնությանը>>, իմ ռեպորտաժները ոմանց  կդադարեն թվալ մարդկանց ձեռառնոցի, ու կընդունվեն ճիշտ և պոզիտիվ, ձեր հարևանները չեն հետևի, թե դուք ժամը քանիսին տուն եկաք, և ամենուր կտիրի սեր ու փոխըմբռնում:

Բայց իմ մեջ փշրված եսը, հայրենիքի հանդեպ դպրոցից ներդրված ողջ պաթոսի մահն ու բոլոր պատճառները, որոնց համար ես էդպես էլ չմնացի Նեմրայի համերգին, կապրեն դեռ էնքան ժամանակ, մինչև էս գոյության կռիվը, դարերով ներս գցած կոմպլեսքսների ու էներգիայի մարդասպան պոռթկումներն ու երկնքում պտտվող ատելությունը կարթնանան ամեն հեղափոխության ու հարմար առիթի ժամանակ՝ լինի դա Լևոնի, Սերժի, Նիկոլի, թե իմ անշառ նկարների դեպ:

հ.գ. նկարները գոցաղել եմ panarmenian.net -ից

Բանաստեղծությունը՝ Եղիշե Չարենց <<Մահվան Տեսիլ>> 1920թ հոկտեմբերի 6