Դա լինում է, որ մեծանանք

Posted on

Երբ մի օր ռեպորտաժս պռավալ տալուց, խմբագրությունում արհամրհանքի արժանանալուց հետո նստեցի  ինչ-որ մանյակի մեքենա, որը խառնել էի տաքսու հետ, որովհետև վրան մի աշխարհ լոգոներ կային, շրջանայինում, անձրևից մի լավ թրջելով  աղջկական հագուստս՝ ուշացած մտա քննության՝ մտածելով, թե դա իմ կյանքի վերջին օրն է: Դասախոսս նայեց դեմքիս ու ասաց.

-Դա լինում է նրա համար, որ մենք մեծանանք:

Արտահայտությունը դուրս շատ եկավ, հատկապես, որ դասախոսս ինձ հարմար տոմս տվեց, ու հետո դեռ երկար ժամանակ <<կյանքիս վերջին օրերին>>  ինձ ասում էի՝ սա լինում է, որ ես մեծանամ:

Բայց հիմա, երբ անձրևոտ օրվան համեմատ, փաստորեն, որոշակիորեն մեծացել եմ, հարց է առաջանում. Իսկ ինչի՞ համար են մեծանում: Չէ՞ որ էդ զբաղմունքն ի վերջո տանում է մահվան:

Ամանորյա ռոմանտիկան, երեխաների անսահման ուրախությունն ու էդ ամենին իմ խորթությունը հասկացնել տվեցին. մեծերին փոքր ուրախություններն անտեսանելի են, փոքրերին՝ հասանելի, իսկ վերևից ամեն բան էնքան տեսանել է ու անհետաքրքիր, որ նայելդ չի գալիս:

Էս մտքերը մեծանալու մոտիվացիան այնքան էլ  չեն թուլացնում, բայց Ստելլիկի շեյրից հետո, թե՝ ճշմարիտ են նրանք, ովքեր երջանիկ են, ու ինձ սիրող մեծերի՝ սիրուն չհավատալը ինձ վախեցրին:

Ես երազանքներով ապրող էի, հիմա մտածում եմ, թե մեծանալու հետ երազանքները դառնում են ռեալ ու ցավոտ, ֆինիշը՝ մոտ, ԲԱՅՑ չմեծացողներն ավելի շուտ են մեռնում. հասարակության մեջ օրենքներն այնպես են, որ ապրելու հարմարանքները պատրաստված են մեծերի չափսերով, ու կյանքը նմանվում  է մրցավազքի. բոլոր ուժերդ ծախսում ես, որ առաջինը դու հասնես ֆինիշին, ու քո մասին հետո խոսեն հաղթողի պես:

Հարց է առաջանում, թե դու երջանիկ լինելու՞ ես միայն նրա համար, որ քո մասին կխոսեն, թե՞ նրանք, ովքեր վազքուղու ճանապարհն անցան քայլելով, ընթացքում հոգնեցին ու խնդրեցին մեկ ուրիշի օգնությունը, թողեցին վազքը, մնացին փոքր ու… միասին:

Նրանց մասին չեն խոսում ու նրանք մենակ չեն, նրանք փոքր են ու թեթև, բայց կշեռքի վրա կանգնում են երկուսով ու իրենց ընդհանուր քաշն ավելին է քան հաղթողներինը, որովհետև վերջիններիս հետ հավես չեն անում վազել մինչև վերջ, նրանց մասին պարզապես խոսում են:

Եվ այնուամենայնիվ, պատրա՞ստ են նրանք թողնել հաղթանակի ու մեծանալու բերկրանքը հանուն երջանկության, ախր նրանց սիրում են սիրուն չհավատացողներն, ու երբեմն բարձուքնում միայնակ ցուրտ է լինում:

Չգիտեմ: Սառնություններ կան, որ հաճելի են ամեն օր աշխատող, քրտնող սրտին, ու նրանց դուր է գալիս ոչ թե մեծ լինելն, այլ այն, ինչը լինում է, որ մենք մեծանանք: