It’s not about you

Posted on

Սա քո մասին չի, ընկեր, քո մասին չի։
Սա իմ կյանի կետադրությունն ա։ Դու ընկար բազմակետերի մեջ պարզապես, երբ ես շարունակության կարիք ունեի… ընկար վերևից։

Ես քեզ տառ առ տառ ասեղնագործում եմ էս թղթի վրա, որ լաց չլինեմ։
Ես քեզ կետադրել չգիտեի, ես քո մասին անգրագետ եմ։ Քեզ ո՞նց տեղադրեմ իմ էս տողերի արանքում, որ ինձ չժխտեմ, որ չկորցնեմ ձեռագիրը իմ։
Իմ համաչափ ու արհեստավարժ ձեռագիրը քո դողէրոցքից դարձավ խզբզոց, տողերս կորան, ու ես չգիտեմ՝ քեզնից որտեղ ստորակետ դնեմ։

Ինձ մի շունչ քաշելու չափ ստորակետ ա պետք, քեզ նորից կարդալու ու մարսելու ստորակետ, քեզնից կրթվելու, քեզ մշակելու, չկմկմալու ստորակետ ու քեզ հաղթելու, քեզնից հաղթվելու սիրուն վերջակետ։

Ուղղակի թանաքը դեռ չի վերջանում, ու ես էլի ապրելու փոխարեն կախված եմ անտեր թղթերից, որ քեզ ամփոփեմ։ Սա քո մասին չի, ընկեր, քո մասին չի, սա իմ թղթերի ու կռիվների անվերջությունն ա։ Պարզապես դու քո հնչերանքով փոխեցիր իմ մշակված շեշտադրությունը, պարզապես ես դեռ էնքան հստակ չգիտեի արտասանել քեզ, որ պատրաստ լինեի քո նոտաներին, քո սիրուն, ու ցավոտ, քո բեկող ու ահաբեկող, քո արթուն պահող նոտաներին։

Սա քո մասին չի, կներես, քո մասին չի։ էս թանաքն էլ կչորանա շուտով…երևի։