Քերրին սխալվեց, ես ճիշտ էի

Posted on

Ես ծովի մեջ էի։ Ջուրը կռվում էր հետս, երևի սիրահարվել էր։

Ես վայելում էի իրան, ես էլ էի սիրահարվել… ինձ։ Իմ ներշնչանքներն ու արտաշնչանքները ջրում դառնում էին երաժշտություն։ Ծովը փախչում էր ինձանից, ես ուղղակի վաղուց հասկացել էի, որ բոլոր սիրահարումներից ու սերեից ամենահզորը զգում եմ իմ հանդեպ… մյուս մարդիկ չեն համակերպվում էդ սիրո հետ, որովհետև, գրողը տանի, իրանք էլ են տառապում դրանով։

Ես ինքս ինձ ծովին էի նվիրել ու լողում էի աչքերս փակ, հետո մեդուզաները մաշկիս կպան։ Ես զզվում եմ օտարներից, ի՞նչ անեմ, զզվում եմ. իրանք սովորաբար էնքան մածուծիկ են, գալիս կպնում են առանց հարցնելու, առանց զգալու իրանց օտարությունը, առանց ծանոթանալու սեփական անպատեհության հետ, ֆու։

Իսկ չօտարները ինձ ուզում են կապկպել իրանց հիացումներով, իրանց չմահավանությամբ, իրանցով։ Ինչ խոսք, երբեմն դուք դա այնքան գրագետ ու հուզիչ եք անում, որ ես նկատում եմ։ Երբեմն իմ սիրտը ծակում են էդ հիացումները, բայց էդ ցավերն էլ վայելում եմ ես… գրիչով։ Ես սիրուն տառեր եմ սարքում ձեր տված ցավերից ու ավելի եմ կերտվում։

Հետո ծովը չկար, բայց մազերս թաց էին։ Իմ մաշկի հոտը ապրեցնում էր ինձ։ Արյունս դանդաղ էր հոսում, որ զգա երակներիս տաքությունը։ Ես անավարտ կրքով ոգեշնչվում էի ինձանից։ Ես ձեռքս մցնում էի մազերիս մեջ ու կարոտում էի ինձ, ես լվանում էի էդ կեղտոտ աղաջուրը ինձնից, ծովն էլ զզվելի էր արդեն։

Մի՛ հավատա իմ նվիրումներին, դրանք էնքան էլ անանձնական չեն։ Ծովի բոլոր մարգարիտները, որոնք սիրել եմ ես, ընդամենը սիրուն վզնոց են եղել իմ փառահեղ պարանոցի վրա։ Իմ բոլոր հոգեհանգիստները էնքան շքեղ են եղել, որ չթրթռամ քեզանից։ Իմ վերածնունդները ստորադասել են անցյալը, որում մարդիկ են եղել։ Հիմա ես էլի պիտի ավերվեմ, ինձ չկպնեք հանկարծ։ Ես նոր թռիչքներից մրսելու կարիք ունեմ։