Քաղաքի խղճուկ լույսերից

Posted on

Բառերս ընտրում եմ, հետո կարդում ինձ ծանոթ մարդկանց ակցենտով ու ջնջում:

Առանց գրել քունս չի տանում, իսկ իմ պատուհանով նոր բան ցույց չեն տալիս: Լավ երեկոներին միշտ էլ հաջորդում են դատարկ գիշերները, որտեղ ով ինչ կարողանում խցկում ա, որ չառերեսվի գիշերվա անորոշության հետ:

Դրա համար են հիմա սերիալները պոպուլյար, դրանք շեղում են իրականության արձագանքից, ու դրա համար ա ակտուալ եղել սերը. մի կոճակ խմում ես, ու գլխիդ էնքան հիմար մտքեր են լցվում, որ անզգայանաս երևանյան թթվաշ մենակությունից:

Առավոտյան հարկավոր ա տոնալնի կրեմը հաստ քսել, որ բարևելուց պաչողները քեզ չհասնեն, ու նասկիները հանել, երբ արդեն պառկած ես ու քեզ ոչ մի ցուրտ չի հասնի: Սրանք են իմ երևանյան կանոնները, իսկ կարևորը` ոչ մի դեպքում գլուխը կորցնելու չափ չսիրահարվել… Երևանում լույսերը էստեղի սերերի պես թույլ են վառվում, մի տեսակ էնքան, որ մութ չլինի, բայց աչքերդ էլ հանկարծ չփայլեն, որ ուզենաս գրել էդ սիրո մասին, սիրուն բառեր գտնես դրա համար, բայց հետո կարդաս քեզ հարազատ մարդու ակցենտով ու ջնջես` հիշելով, որ երևանում չկան մարդիկ, որոնք սիրում են կարդալ քեզ քո ուզած ակցենտով, բայց գուցե Բեռլինում էլ չկան, ոչ էլ` Լիսաբոնում ու Թբիլիսիում… չնայած, որ Թբիլիսիում լույսերն ավելի ուժեղ են վառվում:

Երևանի գլխին էնքան դարդեր են բարդված. մենք բոլորս մեր չհասած երազանքները բարդել ենք էս խեղճ քաղաքի գլխին ու ես չեմ զղջում… ինքը մեղավոր ա մեր չապրած օրերի համար, իմ չնկարած ֆոտոների համար ու մեր չերազած հաղթանակների համար, որոնց մասին մենք ոչ մի պայքար չենք մղել: Դե ինչքան կարելի ա հուզվել նույն երգերից… գոնե ծով լիներ էս խեղճ քաղաքում ու ես արխային կկորցնեի գլուխս ալիքների մեջ, ոչ թե ցավոտ ձորերի: Դու հաղթեցիր, մի խոսքով, ես էս աննշան լույսն էլ կանջատեմ, որ քնեմ վերջապես: Վայ…