Դու դեռ չգիտես

Posted on

Ես սիրում էի իմ դասղեկին ու գերազանց էի սովորում հայոց լեզու։ Ինձանից բողոքում էին մյուս բոլոր դասատուները դասղեկի մոտ, որովհետև իրանց ժամին ուրիշ բաներով էի զբաղվում։ Ես չէի հանդուրժում ընկեր Պետրոսյանի հայացքի հիասթափությունը իմ հանդեպ, ես ինքս հիասթափվում էի ինձանից։ Ես վստահում էի իրան ավելի շատ, քան ինքս ինձ։ Չէի հավատում, որ կարող եմ լավը լինելու շանս ունենամ, եթե ընկեր Պետրոսյանը ինձանից հիասթափված ա։

Երևի սիրում եմ քեզ, չգիտեմ, բայց դու մեղավոր չես դրա համար, դու չկաս, մատերիա չկա, դա մի կանաչ լույսիկ ա, Ցուկերբերգի վառած լույսը։ ես քեզ չեմ սպասում էդ լույսիկին եմ սպասում, որ վառվի։ բժիշկը ասեց, որ ես չգիտեմ անկեղծ լինել ու չգիտեմ ցույց տալ իմ սերն ու ատելությունը։ Դու դեռ չգիտես, դեռ շատ բաներ չգիտես։ Երևի գրում եմ, որովհետև խոսել չեմ կարողանում, վախենում եմ թույլ լինելուց քո աչքերում, քեզ էլ դա ա պետք, թույլ մարդ, ում կարելի ա ցավացնել ու մեծանալ։ Ես փաս։ Դու դեռ չգիտես, դեռ շատ բաներ չգիտես։

Ես քեզ երևի սիրում եմ , երևի ես սիրում եմ ցավալ, ես ցավալու մեջ մոտենում եմ ինձ՝ դասերին խոսացող ու օրագիր գրող էն չար աղջկան, ես ինձ եմ սիրում, դու ուղղակի շատ հարազատ ես ցավացնում՝ ընկեր Պետրոսյանի պես, իմ կորած եսին մոտ ցավեր են, իմ մաշկից ներս ցավեր, ինքս իմ մասին ցավեր, ինձ իմ հետ ծանոթացնող ցավեր։ Դու դեռ չգիտես, դեռ շատ բաներ չգիտես։

Ես հոգնել եմ ընկեր Պետրոսյանից, հոգնել եմ բոլոր նրանցից, ում սիրում եմ, ովքեր ինձանից ակնկալում են իդեալական աշակերտ լինել, ես հոգնել եմ, նրանցից, ում պատճառով գերազանցիկ եմ եղել։

Դու էլ ե՞ս ինձանից 5-եր սպասում, սիրուն շորեր ու լավ ռեպորտաժներ, արդարություն ու բարություն։ Ես նոր շորեր կառնեմ ու նոր ռեպորտաժներ կնկարեմ, հակառակ դեպքում ինձ դժվար ա սիրել, գիտեմ, ես ինքս էլ դժվարանում եմ, անգամ երբ փորձում եմ, ընկեր Պետրոսյանի աչքերն եմ հիշում ու քեզ։ Դու դեռ չգիտես, դեռ շատ բաներ չգիտես…