Իմ սիրելի

Posted on

ինձ միշտ թվում էր, թե երջանկությունը գզգզված մազերով չի լինում, պետքա պատրաստվել դրան երկար, մեյք ափ, փայլեր…

ես հիմա ուզում եմ ցավալ, բայց չի ստացվում, չի ստացվում ցավալ մեր երկար, շատ երկար բաժանումը, որովհետև ես սխալվում էի, թե տխրությունն էլ միշտ բաժանումներից ա լինում, որ տխրության ու արցունքների համար պետքա անպայման գզգզված մազերով լինել։

բայց… տենց չի։ փաստորեն՝ չէ, ոչ մեկի սիրուց ու բաժանումից չի փոխվում կյանքը։ ոչ մեկի վեհությունը չփոխեց, չկարողացավ դեֆորմացնել մեր միությունը՝ իմ ու իմ ազատության, մեր շնչառությունը ոչ մեկի օրենքներից չխարխլվեց,… դժվարա, ես սովորել էի էդ պարտաճանաչ «երջանկությանը»։ 

կներես, բայց մենք կորցրինք պարզապես՝ առանց ապագայի պարտավորության սիրելու պահը, վերջացավ։ ես չեմ կարողանում էդ պաշտոնական տողերում քեզ գտնել, ես դեռ պետքա ծերանամ դրա համար, շատ պետքա ծերանամ, իմ սիրելի։

Չգիտեմ՝ որտեղից լցվեց մեր մեջ էսքան կեղտ ու էսքան մարդ։

Մենք ուղղակի սիրում էինք էն սիրուն աշտարակը ու երգում էինք դրա տակ:

Ես շնչահեղծ եմ լինում ապագայից, քո ապագայից, ես քեզ կորցնում եմ ու ինձ պատրաստ եմ նետել ամենակեղտոտ ու ցավոտ ուրուշների մոտ, որ արդարացնեմ իմ անպատրաստությունը էդ մարդկային, նորմալ, իդեալական ու պլանավորած կյանքին… քո պլանավորած կյանքին, որտեղ ես իմ անունը չունեմ, դա ես չեմ, իմ սիրելի… 

Ես կարոտում եմ քեզ էն աշտարակի  մոտ, վարդագույն լույսերի մոտ, առանց ստորագրության, առանց հաշիվների, առանց խոստումների, առանց էրեխեքի, առանց մատանիների ու հաշվարկների… ես ինձ կարոտում եմ… առանց ուրիշ մարդկանց, որոնք, իրանց կարծիքը, իրանց հայացքը էնքան ներկա են էն պլանավորվող կյանքում, որ ես հոգնում եմ։ Ու ինչի՞ ենք բերել իրանց… որ փախնենք իրարից, իմ սիրելի…

Ինձ չի հերիքում քո մեքենայի փոքր, շատ փոքր լյուկը,խեղդվում եմ ես… դու ինձանից մի վերցրու իմ ազատությունը, ես իրան էնքան դժվարությամբ եմ փրկել բոլորից, ես իրան գուրգուրել եմ, ես իրան չեմ վաճառում սիրո հետ, որովհետև իմ իմացած սերը ստորագրությամբ չի պահվում, դա Քերրիի ասած սիրուց ա, իսկ քերրին երեխաներ չուներ… ըհը, ես իրա անունի տակ եմ մնացել, իմ սիրելի… գուցե)

Ես կարոտում եմ մեր չսորագրված սերը, էն ձկան հոտը, որը մնաց Վենետիկի անպատասխանատու փողոցներում… ինձ մի փակի Երևանի սովետական ու ապրված խոստումների մեջ, որտեղ անգամ իմ սիրած համերգները հոտել են նույն հորինած բառերից ու կեղծ դեմքերից, որոնց ես էնքան անիմաստ կարևորել եմ, ոնց էս քաղաքին…

ինձ քո պես սիրի, ինձ մի կապկպի Երևանով ու ապագայով, ես կարոտում եմ մեր իտալական աղքատությունը, չքնած ու չարթնացած առավոտները, ես չեմ ուզում կինոյոտ համբույրներ, ես կարոտում եմ դրանք հարամ անող քո տափակ կատակները, ինձ պետք չի, պետք չի ինձ դնել էս շաբլոն կյանքի, հարմար կյանքի, անշառ կյանքի տողերի վրա, ես չորանում եմ, ինձ մի տար, դու գնա քո ապագա, ես մնամ ստեղ, իմ սիրելի… կներես