Սեքսուալ հեղափոխությունը Հայաստանում

Posted on

«Ինձ պակասում են աննպատակ ու անճանապարհ զվռնումները»,- էս մտքերով երեկ հասակ ԵՊՀ, մեր ֆակուլտետ՝ ժուռֆակ։ Էդ շենքում ոչինչ չէր փոխվել, գյուղինստիտուտի ու ժող-ի ուսանող-ուզող տղաները դեռ նույն տեղում կանգնած էին, իսկ աղջիկների կուտակումները դեռ չէին պակասել զուգարանների դիմացից։ Համալսարանում տղաներն ու աղջիկները շարունակում են առանց իրար «ընկերություն անել»։ 

Էնքան երկար էր ինձ թվում ինձ ու համալսարանին բաժանող երկու տարին։ Էդ մտքերով հասա աստիճանների մոտ, երբ ՎԵՐԵՒԻՑ իջնում էի մեր ժամանակների ամենածիտ դասախոսը, ում սիրահարվում էին մեր կուրսի աղջիկները և ում դասախոսություններին սիրահարվում էի ես։ «Այսօր դասախոսությունը պետք է սեքսուալ լինի»,- ասում էր Աթանեսյանը, և իրո՛ք, չէր խաբում։

Ոնց որ բոլոր կինոներում, Աթանեսյանը ինձ հրավիրեց սուրճ խմելու։ Մենք երկար խոսեցինք պարոն Աթանեսյանի հետ, ու դե ես էլի պալիտ եղա։ 

-Արուսիկ, քեզ մոտ խորը կրիզիս ա սկսվում, տենց չի լինի։ Քո ինտրովերտին հաղթում ա քո էքստրովերտը։ Մի՛ թող։

-Դե հեշտ չի, պարո՛ն Աթանեսյան, երևի ոչ թե կրիզիս, այլ՝ փնտրտուք։ 

-Գի՛րք գրիր։ Հայաստանում սեքսուալ հեղափոխություն է սկսվել, էդ մասին։

-Եսիմ, չեմ կարողանում։ Առհասարակ գրել էս վերջերս չեմ կարողանում։ Գրելու համար պետք ա պրոբլեմ լինի, ոչ թե դրսում, այլ՝ ներսում, իսկական պրոբլեմ, որ քեզ անհարմար զգաս առանց գրելու ու ստիպված գրես։

-Լավ նախաբան կլիներ։

Ես չգիտեմ՝ ինչից սկսել էս «գիրքը»։ ժամանակակից մարդու ուղեղը /մտածող/ դատապարտված ա նեղ ժամկետներում մի քանի իմֆորմացիա, պրոբլեմ, ցանկություն, պահանջ մարսելու։ Բայց խնդիրն անգամ էդ խեղճի ուղեղը չի, այլ իրա էմոցիաները, որոնք ստիպված են վերոնշյալներից յուրաքանչյուրը հատ-հատ ԶԳԱԼՈՒ, ԱՊՐԵԼՈՒ դրանք։ 

էսօրվա մարդու սոցիալ-էմոցիոնալ պատասխանատվությունների թնջուկը էնքան ծանր ա, որ ուզում ես իրան վերմակ դարնձել ու թաքնվել դրա տակ, փնտրել ուրիշ մեղավորների, դառնալ աստվածաբան կամ աստղագետ, հավատալ գուշակներին կամ ուղղակի սուս-փուս ամուսնանալ։

Էդ դժվար բազմաբովանդակություն մեջ ահռահասարկ դժվար ա գրել ՄԻ ԲԱՆԻ մասին, քանի որ էդ մի բանի վրա ազդեցություն ունեն տվյալ պահին ապրվելիք ուրիշ խնդիրները, հիասթափությունները, սերերը, մարդիկ, ու անգամ էդ օրվա ուտելիքը։

Ես փորձեցի գտնել սեքսուալ հեղափոխության հետքն ինքս ինձ վրա։ Դա ինձ մտածել տվեց, թե ինչ եմ ապրել էս երկու տարին՝ համալսարանից դուրս գալուց հետո։ Գուցե մեր սովորած սոցիալական ժամանակը շատ ա նեղացել, ու ինձ էնքան հեռու էին թվում էդ նստարաններն ու մարդիկ, էդ ուսանողական լայֆսթայլը…

Քսանմեկամյա մարդու համար չափազանց ծանր էր էն պատասխանատվությունը, որ ես ունեի. դժվար էր ինձ համար ունենալ մեծ սպասելիքներ ինքս ինձանից, բայց միաժամանակ ոչինչ չանելը, հերթական լինելը։

Երևի ինձ սխալ են դաստիարակել, միշտ ավելին են սպասել ինձանից։ Սովորաբար նման դեպքերում երեխաներն իրենք չեն իմանում ինքնաբավ լինելու ձևերը, կանգ առնելու տեղը, իրենք իրենցով խաղաղ լինելու երջանկությունը։ 

Էդ պատասխանատվությունն ավելի ծանր էր, որովհետև ես աղջիկ եմ, հերիք չի աղջիկ, մի հատ էլ Հայաստանում. էստեղ աղջիկներին պետք ա մի քանի անգամ ավելի շատ վիզ դնել։

Խնդիրն աշխատավարձը չի, այլ մարդկանց աչքերում քեզ ուղղված անհավատությունը, դե ախր ո՞վ կհավատա քեզ, եթե դու ինքդ քեզ չես հավատում։ Հայաստանում փոքր աղջիկներին չեն ասում, որ իրենք պիտի հավատան իրենց։ Հայստանում աղջիկներին սովորեցնում են դառնալ արքայադուստր, ով հավատում ա միայն իրեն փրկող արքայազնին։ Ուստի ինքդ քեզ հավատալու առաջին քայլը ուժեղ դառնալն ա, արքայազների պես ուժեղ, բայց աղջիկ։

Եվ գիտե՞ք, պարո՛ն Աթանեսյան, ուժեղ աղջիկներին չեն սիրում տղաները, բայց նրանցից ոմանց սիրահարվում են ուժեղ կանայք, որովհետև… դե բնություն ա։ Էդ հասկանալու համար պետք ա նայել «Sex and The City»։ 

Մեր անհասանելի սպասումների բեռին գումարվում են սիրային թուլությունները։ Հայաստանում քսանմեկամյա աղջիկներից խորհուրդ չեն հարցնում հիմնականում, ու չեն զրուցում իրենց հետ կյանքի մասին, հիմնականում նրանցից ուզում են անմեղություն ու երեխաներ։ Այդքանը։ Իսկ սիրահարված աղջիկները /մտածող/ երազում են իրենց սիրելիների հետ կյանքց խոսելու մասին։ 

Սեքսուալ հեղափոխության սկիզբն ինձ համար էն հիասթափություններն են, որոնք ես ընտրեցի ինքս ինձ չժխտելու, ինձ իմ սեռին կամ դրա մասին կարծրատիպերին չծառայեցնելու համար։ Կարճ ասած՝ սովորել չսիրել էն տղաներին, ովքեր քո մեջ փնտրում են միայն արքայադուստր ու վախենում են քո մեջ ապրող ասպետից։ Իսկ Հայաստանում այդպիսի տղաները մեղմ ասած մեծամասնություն են։

Դա շատ վեհ ա հնչում, բայց դա դժվար ա։ Հեշտ չի ասել՝ գիտես, ես քեզ սիրում եմ, բայց ես ինձ սիրում եմ ավելի շատ։ Հեշտ չի էդ բառերից հետո քայլել Երևանի փողոցներում մենակ, ինքդ քո առաջ չարդարացված, ինքդ քո որոշումներին կասկածելով, ինքդ քեզնից ավելին սպասելով, անսեր ու սեքսուալ-հեղափոխական կամ առանց գծիկ՝ սեքսուալ և հեղափոխական։ 

Բայց ամենադժվարը, պարո՛ն Աթանեսյան, երբ դու դեռ շարունակում ես լինել նույն աղջիկը, ով դեռ ինքը չի կողմնորոշվել՝ ինչ անի իր հեղափոխական ուղեղի հետ, ուզում ա փորձել ամեն ինչ, աշխատել միլիոնավոր տեղերում, ծանոթանալ կյանքին դրա բոլոր կողմերից, հետո, տարիներ հետո մի բանի հասնել… իսկ իր երազանքներն առաջին իսկ փորձից իրականանում են և հոպ…

Ինձ սկսեցին ճանաչել մարդիկ, շատերը, հիմնականում ոչ այնքան հեղափոխական, կամ չափազանց այդպիսին։

Ես էլի մոռացա իմ պատմությունը, շեղվում եմ էս գրքից, գուցե սա իմ գիրքը չի, այլ Ձերը։

Ինձ համար դժվար էր ու երանելի հանկարծ հայտնի մարդ դառնալը։ 

Գիտե՞ք, պարզվեց՝ Հայաստանում հայտնի լինելը տաքսի կանչելու պես մի բան ա։ Կարելի ա քնել ու արթնանալ բոլորի ուշադրության կենտրոնում։ Կարելի ա չուտել-չխմել, հայտնի դառնալ։ Իսկ երբ շատ մարդիկ են քեզ ճանաչում, անկախ քո կամքից դու էլ ճանաչում ես շատ մարդկանց։ Եվ գիտե՞ք, պարզվում ա՝ սեքսուալ հեղափոխությունը շատ հեռու ա էն կենտրոնից, որտեղ մենք ապրում ենք։ Մեր իմացած Երևանին զուգահեռ, ապրում ա հակահեղափոխական մի զանգված, որտեղ տղաները դեռ ուզում են ամուսնանալ, և որ ամենավատն ա՝ էն տղաները, ում մենք ենք սիրում։

Երբ քեզ շատ մարդիկ են ճանաչում, դու համ էլ պատասխանատու ես նրանց բոլորի առաջ, պետք ա ճանաչել բոլորին, հատ առ հատ, անձնապես, իմանալ ու բավարարել իրենց պահանջները, չնեղացնել, սիրել, հասկանալ, զվարճացնել։ Դա հասվես ա, բայց դա, պարո՛ն Աթանեսյան, տխուր ա շատ, երբ դու պարզապես կարիք ունես լացելու անպատասխան սիրուց, անարժան մեկից, տխուր երգերից, կամ ոչ մի բանից, ուղղակի, հենց էնպես լացել, ու տխուր ստատուսներ գրել։

Իսկ տանը բոլորը միշտ սպասում են մի նոր բանի, ավելի զարմանալի, ավելի թույն, ավելի նոր։ Սիրած մարդիկ սպասում են, որ դու նիհար կինես, հարդարված վարսե՜ր, փափուկ մա՜շկ, թանկ օծանելի՜ք։ Հեռուստադիտողը սպասում ա, որ միշտ կլինես ավելի սկանդալային, ավելի ծիծաղալու, ավելի շքեղ։ Ընկերները ուզում են, որ դու ավելի լավը լինես, ավելի բարի, ավելի տոլեռանդ, ավելի բարեհամբույր, իսկ կոլեգաները… ֆաք 

Ես հիմա ինչի՞ մասին գրեմ էս գիրքը, պարո՛ն Աթանեսյան, սեքսուալ հեղափոխության համար ես իմ էմոցիաներում էլ ոչ մի գրամ տեղ չունեմ, էլ չունեմ ազատ մի մետր՝ մտածելու էդ մասին։ Ինձ համար սեքսուալ հեղափոխությունը առանց հակառակ /կամ նույն/ սեռի մարդու, առանց որևէ մեկի, ինքդ քեզ սիրելու, ինքդ քեզնով հաշտ լինելու, բոլորի սպասելիքների վրա թքելու հեղափոխությունն ա։ Դա էն ա, երբ ես ոչ թե սեռ կլինեմ, այլ մարդ, ումից ոչ թե կսպասեն լինել այնպիսին, ինչպիսին իր սեռն ա, այլ… չեն սպասի ոչինչ, կապրեն իրենց կյանքով ու սեքսով կզբաղվեն /էդ էլ բոնուս, որովհետև սա ի վերջո ոչ թե իմ, այլ հեղափոխության մասին ա/։

Հայաստանում կանայք արդյոք պատրա՞ստ են էդ հեղափոխությանը. ո՛չ ուժեղ, անզգա մարդ, ո՛չ էլ սպասուհի լինելու, առանց իրենք իրենց ժխտելու սիրված լինելու հեղափոխությանը, «սիրո և համերաշխության» հեղափոխությանը։ Երբ ծնողներդ քեզնից ավելին չեն սպասի, քան դու կաս, երբ հասարակությունը քեզնից ավելին չի պոկի, քան դու ունես, երբ տղամարդիկ քեզ կնայեն, որ տեսնեն քեզ և ո՛չ իրենց ուժեղ տղա լինելը։ Կլինի՞ նման հեղափոխություն, որի մասին ես երկար կգրեի, ավելի երկար քան էս հիմար տողերն են։

Մի մարդը շատ քիչ ա սեքսուալ հեղափոխությունը զգալու ու գրելու համար,պարո՛ն Աթանեսյան։