«Կույրերի վալսը դա մի երազ է..»

Posted on

ես դադարացի գրել, երբ հայտնվեց նա, երբ որ խոնավ շորով մաքրեց իմ գիտակցության բոլոր ծակոտիները էս տարիներին կուտակված էմոցիաներից, երբ որ իմ գիտակցությունը չտեսի պես սկսեց շնչել աշխարհը ու զգալ… բոլոր սրումներով զգալ աշխարհի, կյանքի անիմստությունը, իմ կյանքի բոլոր իրադարձությունների անհետևանք լինելը, ցանկացած օրվա ու մարդու գալիք մահը, իմ գալիք մահը։ ու ես դադարեցի գրել։ ի վերջո ինչի՞ համար ա էս տանջալի ու հաճելի բառընտրությունը, ու՞մ համար, ո՞վ պիտի կարդա ու ասի «վաու»… ինձ ոչինչ չի տա ոչ մեկի հիացումը ու նույնչափ ուրիշների զզվանքը ինձանից երբեք ոչինչ չի խլելու… սա ա անիմաստության շղթան, որը մենք բոլորս ամենախորքում գիտակցում ենք, որը մենք բոլորս չտեսնելու ենք տալիս, որից մենք վախենում ենք ու շարունակում էս բարդ, բազմախճխճուն ներկայացումը։

 ես դադարեցի գրել, երբ որ հասկացա. բոլորն մարդիկ իրենք ենք իրենց հանդիսատեսը, վերջում ոչ մեկն ուրիշին ծափ չի տալու, մենք ինքներս ենք մեր սուպերհերոսը, անտիհերոսը, ամենքս մեր միմիկաները ծռմռում ենք ինքներս մեզ համոզելու համար, մենք ինքներս մեզ ենք համոզում մեր դերը, մենք ինքներս չենք հավանում մեր խաղը, ինքներս չենք սիրում մեր ընտրած հերոսին, ինքներս ենք մերժում մեր ծամածռություններն ու ինքներս ատում ենք մեզ… ու իզուր են աղաղակներն ու ստատուսները աշխարհին ուղղված, երբեք, ոչ ոք չի պտտվելու, չի հասկանալու, չի կարդալու մինչև վերջ, մարդիկ ամենքը իրենց կռիվն ունեն աշխարհի, իրենց ընըտրած դերերի, իրենց անցյալի ու ներկայի հետ, ոնց որ մի հին երգում… «կույրերի վալսը, դա մի երազ է»։

ես դադարեցի գրել երբ որ սկսեցի նայել մարդկանց, հետևել բոլորի ընտրած ռազմավարությանը, երբ որ սկսեցի խղճալ մարդկանց ու ինքս ինձ։ Ես տեսա, որ բոլոր մարդիկ աշխարհում փոքրիկ բալիկներ են՝ մեծերի շորեր հագած։ Մեկը միշտ կոստյում ա հագնում, մազերը քանոնով ա ուղղում, որ բոլորը հավատան՝ ինչքան լուրջ ու խիստ ա ինքը։ Մյուսը պիրսինգ ա անում քթին, որ ապացուցի, որ թքած ունի բոլորի վրա, ինչ կուզի, կանի։ Մեկը դառնում ա ռոքսթար, որ բոլորը խենթանան, էն մյուսն էլ պատգամավոր, որ բոլորը ենթարկվեն։ Կոֆե դնող տատիկները կարծում են, թե բոլորը քննարկում են՝ «համո՞վ էր կոֆեն, թե՝ չէ»։ 

Իրենք հավաքվում են իրար գլուխ, որ կորզեն մեկը մյուսից ինչ-որ ապացույցներ, թե ինչքան համով էր կոֆեն, ինչքան ազդեցիկ  էր կոստյումը, ինչքան քուլ էր պիրսինգը, ինչքան մեղեդիկ էր կիթառի ծլնգոցը… ապացույցներ, որոնք ժամանակին մամաները ակնկալել են, ապացույցներ, որոնք երբեք չեն գտնվելու, ապացույցներ, որոնք եթե գտնվեն էլ, ոչ մի փոքրիկի չեն կշտացնելու ու ոչ մի մամայի չեն բավարարի… ապացույցներ, որոնց մենք ինքներս երբեք չենք հավատա, քանի դեռ հայելու մեջ մենք տեսնում ենք էն երեխուն, ով հագենում ա մեծերի շորեր ու խաբում ա ինքն իրան, թե դրանք իրա հագով են։

ես դադարեցի գրել, որովհետև իմ հայելու միջի երեխային դուր չեն գալիս իմ գրածները, ես դադարեցի գրել, երբ հասկացա, որ իմ բառընտրությունը ոչ թե ինձ համար ա այլ ապացույցների, ես դադարեցի գրել, երբ սկսեցի կասկածել ինքս իմ տառերին, որոնք ուղղված էին սխալ հասցեով, սխալ մարդկանց… ովքեր երբեք ոչ մի ապացույց չեն կարող տալ, երբեք չեն հիանա իմ բառընտրությամբ ու երբեք չեն կիսի իմ կարծիքները…

ես դադարեցի գրել, հանեցի մեծական շորերս ու իրան տվեցի էս սիրուն նոթբուքը, վարդագույն, հավես կլավիատուռայով, թող ինքը գրի սրանից հետո, իսկ ես կհավանեմ իրա ընտրած բոլոր տառերը, որոնք ինձ շատ պետք են, մենակ ինձ, ուրիշ ոչ մեկին։