Ինձ գտիր, երբ կքնեմ..

Posted on

սիրտս դողում ա գրելու վախից։ արդեն շատ վաղուց չեմ հավատում իմ տառերին, փախչում եմ… գրում եմ ու զզվում եմ ինձանից, ուղեղս ուզում ա քնել, մեջքս սկսում ա ցավա՜լ, գլու՜խս…

«ինձ պետք չեն տողեր»,- ասում եմ ինձ ներսից՝ քեզ պետք չե՜ն։ էդքան մարդի՜կ, էնքան ձայնե՜ր, հոգինե՜ր, բոլորի տռավմանե՜րը քո հոգու վրա ծանրացա՜ց՝ քեզ հաճելի՜, ցավացնո՜ղ, նույն տողերի մեջ…

գրում ես, ու չի լինում դրանք դասավրել, դառնում են խառնարան, կույտ, հոգուցդ դուրս են գալիս, լցվում են աչքիդ առաջ՝ հոտած մարդի՜կ՝ անցյալից, ապագայից, սերե՜ր, արցունքնե՜ր, դառնությու՜ն, հույզեր, աշուն, տերյան, ղզիկություն… ֆու

զզվում եմ գրելուց, ինքս իմ մատները, որոնք հավատում են զգացական կարևորություններին, զզվելի են, հագուրտ են տալիս հիմար, անշոշափելի թրթիռների, որոնցով ոչինչ չես գնի, չես առնի, ոչ մեկին չես ծախի… իլուզիանե՜ր, ձևեր… ոչ մի գրող դեռ աշխարհ չի փոխել ու ոչ մի աշխարհ դեռ չի փոխել գրողներին… խղճու՜կ մարդիկ, փո՛քր, անօգնական, կենդանական պրիմիտիվիզմի զոհեր…

ինչքան ես չսիրեցի քեզ, ու դեռ ինչքան չեմ  հանդուրժելու էն ներկայությունդ իմ ներսում, ինձ կործանող ու թևեր տվող,ինձ ներսից քերթող ու օգուտ չտվող, ես ինչքա՜ն երկար դեռ պիտի քեզ ատեմ, մինչև կսպանենք իրար…

ինձ թո՜ղ, հա… իմ մարմինը ցավում ա քեզանից, ատամներս հոգնեցին սեղմվելուց, աչքերս հոգնեցին կարդալուց նողկալի տողերդ, էս նոութբուքը ատելի ա դարձել տողերիցդ, որոնք էնքա՜ն անպետք են մեզ, իմ սիրու՜ն, փոքր, ու արդեն պարտված կռիվներ զգացո՜ղ աղջիկ։ Քեզ տալու ոչինչ չունեմ։ Դժվարանում եմ սիրել քեզ, հոգնեցրել ես կապրիզներով, զզվացրել ես, ցավացնում ես, ներսից խփում ես սրտիս, հանդարտվի՜ր, քնենք։ Գիշերներս խլել ես վաղուց, ուզում եմ գրկեմ քեզ պինդ, բայց դու հեռու ես, ներսումս՝ ինձանից շա՜տ հեռու, խորքերում, ծովերում, դրանց հատակում, քեզ չունեմ, բայց ուզում եմ փրկել… 

ինձ գտիր մի օր, երբ կքնեմ։ էս աշխարհում մեզ համար ոչ մի սրճարան չկա, ոչ մի նստարան չի գտնվի մեզ համար, էս աշխարհում իմ ու քո համար ոչ մի հրապարակ հարմար չի.. չենք կարողանա հանդիպել, ինձ կսպանես ներսից, ու չես դիպչի, քեզ կփորձեմ շոյել, բայց քո մազերն արդեն վաղու՜ց թափվել են… էն խուճուճ, գնջլո, իսկական…մազերդ

ինձ գտիր մի օր, երբ քնեմ, ու ապրիր ոնց կուզես էս կյանքը։ ինձ  մոտ լավ չի ստացվում, կներես, քո ուզածի պես չի լինում, ես չափազանց շատ եմ մեծացել, էդքան պետք չէր երևի։