գիշատիչ թռչուններից

Posted on

նույնիսկ գրածներս զզվելի են դարձել. ոչինչ չկա էստեղ ձեր մասին, հավաքվեք գնացեք, թողեք հանգիստ արտաշնչեմ։

նստել են ուսիս ագռավները, սպասում են՝ դադարեմ ինձ փրկելուց, սպասում են կարոտեմ էդ հիմար թմրումը, որ հարձակվեն, պոկեն, տանեն… մի կտոր էլ միս, մի փոքր ջիլ, մի քիչ մաշկիցս, որ քանի օր էլ ապրեն էդ երկինքներում, որոնց փառահեղությունն իրանցով են արել սև, կեղտոտ կտուցներով ագռավները…

իմ ագռավները, իմ սիրելի ագռավները, իմ հարազատ, ինձ քրքրած, ինձ արյունիցս զրկած էդ գիշատիչ թռչունները, որոնք էնքան գրագետ խաբեցին ինձ թևերով, որ կարծեցի՝ արծիվներ են, գեղեցիկ են… 

հավաքվել են էս ցուրտ գիշերով, սպասում են՝ երբ կթողնեմ ինքս ինձ, երբ կհոգնեմ դեղերից, երբ կբժժեմ էս վազվզոցից, որ խժռեն, որ գողանան, թալանեն ծիծաղս, քամեն երջանկությունս, որ դեմքիս փայլը շաղ տան իրանց թշվառ թևերին ու թռչե՜ն, գնա՜ն, չվերադարձնեն, ոչ մի սպասելիք չբավարարեն, ոչ մի մեկնումի չարձագանքեն,.. ուրիշներին տանեն իմ ջանքերը, ապրելու ձևերը, իմ սիրուն բառերը, իմ անառիթ քնքշանքն ու իմ անկեղծ կարոտը..

նույնիսկ գրածներս զզվելի են դարձել… թաթախեցիք չորացած արյունով ձեր կտուցներն իմ մտքերի մեջ, խազմզեցիք աչքերս, ցավացրեցիք ինձ մինչև վերջակետ։ Էլ ի՞նչ եմ պարտք ձեզ, ինչի՞ եք էլի հավաքվել, էլ ու՞ր գնամ էս չոլերից, ու՞ր գլխիցս։ էլ ոչինչ չունեմ ձեզ տալու, թողեք ինձ գոնե լավանամ։