վագոնների արանքում

Posted on

Չի ստացվում գրել ներկայի մասին: Քաղաքականություն, պատերազմ, կարծիքներ, մարդիկ, մարդիկ, մարդիկ…

գնացել եմ հետ ու լռվել անցյալում մի տեղ` ինչ-որ թինեյջերական ու մանկապատանեկան վագոնների արանքում, փորձում եմ հասկանալ էդ երեխեքին, գտնեմ սխալ միացրած ճտիկները, անջատեմ, բայց վագոնների արանքում, հասկանում եք, դժվար ա, պավառոտներին երբեմն չեմ ձգում, նեռվերս իմ հետ հաճախ չեն հերիքում, իսկ ներկան… գժանոց։

Էս ամենին զուգահեռ կյանքը չի կանգնում ու երբեմն չեմ հասկանում, թե  մարդիկ, որ ջերմացնում են ինձ ու ցավացնում, մարդիկ, իրանց կարծիքները, հառաչանքները, հարվածները էստեղի՞ց են, թե՝ անցյալից: Նայում եմ իրանց աչքերի մեջ. կեսը բարի են ու գրկաբաց, ոմանք՝ հոգեկան հիվանդութություններով, կեսը՝ չարացած, մյուսները՝ սառը, դաժան, անհետաքրքիր… ինչի՞ եմ իրանց հավաքել էստեղ, հին ու մաշված, խարխլված վագոններով քարշ եմ տվել անցյալից սրանց, հետս բերել եմ իմ տուն, իմ ներս, իմ ուղեղ, իմ մարմին: Սրտխառնոց, աղմուկ ու հոգատարություն խառնվում են սրանց տեսնելիս, ցավում եմ իմ համար ու ջղայնանում եմ ինձ վրա, հետո էն հին վագոնից լսում եմ պուճուր երեխեքի վախեցած զռոցը ու ներում եմ ինձ բոլոր թուլություններս: Էդ պահին ինձ պետք էին էդ մարդիկ… դաժան, սառնասիրտ, ցավացնող, քամահրող, չտեսնող, չշոյող, բայց ներկա մարդիկ։

իրանք ինձ պետք էին վագոններս լցնելու համար, իմանալու համար, որ կողքի սենյակում ինչ-որ մեկը կա… հիմարի մեկը, բայց… կա: 

Համաներու՜մ աշխարհի բոլոր եսերիս: Դեռ էլի ենք սխալվելու, դեռ շատ անգամներ, դեռ չենք ազատել հիմարներին, չենք ուղարկել տուն, բայց մի օր… 

Դեռ գժվում եմ մաշված վագոնների արանքում, ու դժվսր ա լինելու. գիտեմ, բայց պետք ա մաքրենք վագոնները ու տեղ բացենք մի նոր մարդու համար։