էդ անտեր ծուխը մեզ պետք չի

Posted on

ինչի՞ եմ որոշում ինքս իմ ձեռքով ներս լցնել էդ ծուխը, որից, գիտեմ, մարմինը վատանում ա։

մարիմինը չի ուզում, վատանում ա, գոռում ա, թքում ա կամ հետ ա տալիս, ինքն էլ ա որոշող, որոշում ա չհնազանդվել, չհանձնվել, չթողնել. օվկիանոսի պես կատաղում ա ու ալիքների ողջ ուժգնությամբ դուրս ա թքում զիբիլը, կեղտոտը, պլաստիկը, էն, ինչն իրեն պետք չի, իր հետ կապ չունի և ուրիշ մարդկանց թեթև ձեռքով ա շպրտվել իր ներսը…

ես ու մարմինը կապ չունե՞նք փաստորեն։ ես էն մարդիկ եմ դառել մարմնիս համար, ովքեր զիբիլը լցնում են էդ հանճարեղ ստեղծագործությության՝ օվկիանոսի, բնության հորինած մարմնի մեջ։

բայց ախր մարմինն էլ հենց ես եմ չէ՞, էդ դեմքով ու ոտքերով եմ ֆռֆռում քաղաքում, ուրեմն.. ուրեմն ուղեղը ես չեմ, կամ իմը չի, կամ փոխել են, փչացրել են էլի իրանք՝ մարդիկ, վատ մարդիկ, նրանք, որոնց ես իմ ձեռքով տվել եմ գլուխս ու ասել՝ արեք ինչ կուզեք, դուք ավելի շատ բան եք հասկանում, պարոնա՛յք…

ինչպիսի՜ դավաճանություն 

դե արի ու բան հասկացի էս երկու իրարամերժ, իրար չսիրող, իրար ընդդիմադիր սուբյեկտների արանքում։ երկուսն էլ ես եմ, երկուսն է միշտ հետս են, երկուսն էլ ինձ պետք են ու չունեն իրար հետ։ Հայաստանի օրին եմ՝ միլիոն ղեկավար կա, միլիոնն էլ ծայրահեղ տարբեր իրանց անբովանդակ ապուշություններով։

չէ՛, վատ համեմատություն էր, պետք չէր մեզ համեմատել դրանց հետ։

սրանց պետք ա հաշտեցնել։ կուսակցություններին չէ, մեզ։ ուղեղն ու մարմինը չեն կարող կռվել անդադար, մի օր կդառնանք անբուժելի բիպոլյար ու վարի կտանք սաղիս… նո նո նո։

հաշտության եզրեր ա պետք գտնել՝ ուտելիքներ, բառեր, անուններ, գույներ, որոնք երկուսին էլ հաճելի են, բայց դե, դժվար ա. պաղպաղակից մարմինն ա վատանում, կաղամբից՝ ուղեղը, կապույտը ուղեղիս վրայա ազդում, կարմիրը ագրեսիվ ա շատ մարմնիս համար… միակ բանը, որ երկուսն էլ ուզում են, սերն ա՝ էդ տշված երևույթը, որի սահմանումը ոչ մեկ տենց էլ չգտավ։ սիրելու մեջ էլ լիքը անհամաձայնություններ կան. նենց, ոնց սիրում ա սիրվել մարմինը, վատանում ա ուղեղը, իսկ դրան բավարարող սերը ահավոր քիչ ա մարմնիս համար։ մնում ա պատերազմել ու վարի տալ ամեն ինչ, դուրս գալ էս հիմար իրավիճակից լիքը զոհերով, որոնք բոլորն էլ իմն են, կարևոր ու անտեսված զոհեր…

եսիմ, պատերազմներից էլ եմ հոգնել։ ինչ հիշում եմ էս կյանքը, ներսումս պատերազմ կա, ոչ մեկ մեղավոր չի դրա համար, ուղղակի սովոր չեմ խաղաղությանը, շատ ձանձրալի ա ու միապաղաղ, նույնիսկ ընկերներս բոլորը կռվի ընկերներ են, խաղաղության ընկերներ չունեմ, խաղաղության հավես չունեմ, խաղաղության մարդիկ, նախադասություններ չունեմ։

կփորձեմ վիզ դնել երկուսիդ համար էլ, ի վերջո մի բանում երկուսդ էլ համաձայն եք, էդ անտեր ծուխը մեզ պետք չի։