չսիրեցիր դու ինձ, եղբա՛յր

Posted on

հասա աշխարհի եզրին, նստել եմ ալիքների առաջ ու վայելում եմ դատարկությունը… նայում եմ ծովին, հետո՝ ներսս, դիմացս անվերջությունն ա, փառահեղը, ամենաուժեղը, ներսումս՝… Երևանը։ Նայում ա ինձ ու ոնց որ կինոյում՝ ականջիս ասում ա. «չսիրեցիր դու ինձ, եղբայր..»։

Լեզու չգտանք ես ու իմ քաղաքը, սիրահարվեցինք, խելագարվեցինք, ճանաչեցինք իրար ու զզվեցինք իրարից։

Իսկ իրականում չկա արտասովոր որևէ բան էդ քաղաքում, սովետական, առաջ տված բալկոններով, առանց գետի ու թույլ լույսերով քաղաք ա Երևանը, քաղաքականությունից ճնշված, օպերայի կողքուբոլորը հնչող անդուր երգերից մրոտված, լիքը գովազդային վահանակներով փաթեթավորված ու հազարավոր հոսանքի լարերով կապկպված քաղաք ա, որն իր ամբողջ անդեմությամբ դուրս չի գալիս մտքիցս, երբ աշխարհի ամենասիրուն մայրամուտներին եմ ճանապարհում։

Մենք բոլորս էդ փոշոտ հողակտորի վրա ու դրա մասին կառուցել ենք մեր կյանքը, երգերում ու Ֆորշի շուրջն անդադար հնչող «Երևանս»-ի Ս հոդը իրա պաթետիկ լինելու չափ իսկական ա, քանի որ մեզ՝ բոլորիս համար Երևանը տարբեր ա, ամեն մեկիս համար Երևանը մեր ստեղծած կյանքն ա, մեր դարդերն են, մեր հին ծանոթները, նախկին սիրածները, նոր գործընկերներն ու անավարտ գործերը, հենց դրա համար ա կոկորդներիս ու սրտներիս կանգնել ու կուլ չի գնում էս քաղաքը. ոչ լինում ա սիրել իրան, սիրունացնել, հարազատ երեխայի պես հոգ տանել ու մաքրել, ոչ լինում ա փախչել վերջապես իրանից ու հանգիստ վեր ընկնել սիրուն ծովերի առաջ։ 

«Չսիրեցիր դու ինձ եղբայր»… Չսիրեցի ես քեզ, նեղացած մնացի քեզանից, կամ ավելի ճիշտ՝ ես ինձ չսիրեցի քո կողքին, չհավանեցի ես ինձ, խաղաղ չեմ ինձ հետ Երևանում, իմ շարած քարերը ինձ դուր չեն գալիս, անհարմար եմ գծել էդ կյանքը՝ խորդուբորդ փողոցներով, անհարմար մարդկանցով, օտար սկզբունքներով ու սառը, չափազանց ցուրտ ինձ համար, չտաքացնող արևներով ու վրաս թանկ նստող ջեռուցմամբ։

Գնալով մութն ընկնում ա, ալիքները սիրուն հնազանդվում են, պարում են ոտքերիս տակ, խաղաղություն են բերում, ինձ կանչում են, ուզում են տանել խորքերը, ուզում են շոյել կոպերս, ծփան մազերիս հետ, ես էլ ուզում եմ ջրահարս խաղալ, մթի հետ կորել չավարտվող ջրերի մեջ ու արդեն խաղաղվել վերջապես, բայց…

սրտիս մեջ ծա՜նր, քերծող քարեր են, ցավացնող դեմքեր են ու անսահման կարոտներ իմ դարդոտ, իմ փոշոտ, իմ ձեռքով կառուցված ու արդեն քարուքանդ արած քաղաքի հանդեպ, մի քանի օրում փշրեցի ամեն ինչ, ռադ արեցի բոլորին, ու թողեցի ավերակները իմ անհրապույր ու հին քաղաքից… 

Իսկ հիմա ինձ պետք են մայրամուտներն ու ծովերը՝ արցունքներս իրանց մեջ թողնելու համար, կլվանամ մարմինս փլատակների փոշուց, հետո հետ կգամ՝ նորից սկսելու ամեն ինչ, էս անգամ՝ առանց էլեկտրական լարերի ու նոր մարդկանցով, էս անգամ՝ ավելի ջերմ ու տաքացնող, էս անգամ ավելի ինձ հարմար ու արժանի մի Երևան, որն էնքան լուսովոր մի բան կլինի, որի շուրջը կուզեմ անդադար պտտվել, պտտվել, պտտվել…